Ռուսաստանը «3+3» ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանի երկրների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, նշված հարթակը հնարավորություն է ընձեռում խթանելու փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում։
«Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Մենք դիտարկում ենք այս ձևաչափը՝ որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային առաջնորդների ջանքերը համակարգելու, ինչպես նաև առևտրի, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ համագործակցության խթանման արդյունավետ մեխանիզմ»,-ասել է նա։
Զախարովան հավելել է, որ միջոցառման շրջանակներում ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա նաև գործընկերների հետ։