Հետևեք մեզ։

ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա», «ԵՄ սպորտ» ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում «Էրազմուս+» ծրագրին ՀՀ մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր

18:22, 16 հոկտեմբեր 2024
ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա», «ԵՄ սպորտ» ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում «Էրազմուս+» ծրագրին ՀՀ մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան - ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։
 
 
Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության անդամներ, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը:
 
 
Հայաստան - ԵՄ «Մարդկանց միջև շփումների հարցերով» ենթակոմիտեի նիստում քննարկվել են համագործակցության նոր թիրախային ուղղությունները, այդ թվում՝ հետազոտությունների և նորարարության ոլորտներում քաղաքականության բարեփոխումների մշակմանն ուղղված աջակցությունը:
 
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է ԵՄ հարթակներում մասնակցության կարևորությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում:
 
 
Աշխատանքային հանդիպում է կայացել Եվրոպական հանձնաժողովի կրթության և մշակույթի գլխավոր տնօրենության, Եվրոպական հանձնաժողովի կապի և տեխնոլոգիաների գլխավոր տնօրենության ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրենության նորարարության, թվային կրթության և միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Ա․ Անգելովա-Կրաստևայի հետ։
 
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա», «ԵՄ սպորտ» ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում «Էրազմուս+» ծրագրին ՀՀ մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։
 
 
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Անն Հագլունդ-Մորիսինի համանախագահությամբ։