Հետևեք մեզ։

Ընկերությունը հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, պետբյուջե է վճարվել 298,890,423 ՀՀ դրամ

18:41, 16 հոկտեմբեր 2024
Ընկերությունը հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ,  պետբյուջե է վճարվել 298,890,423 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
 
 
Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը հարկեր չվճարելու նպատակով, 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը․ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
 
 
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության հիմնադիր-տնօրենին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
 
 
Նախաքննության ընթացքում ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 298,890,423 ՀՀ դրամ։
 

Վերլուծական