Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ օրենսգրքում, մասնավորապես սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը. 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:
2029 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։ Բացի այդ, սահմանվել է, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի կարող գերազանցել 750 հազար դրամը: