Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» 2024 թվականի տարեկան իր զեկույցը՝ աշխարհի երկրներում համացանցի ազատության մակարդակի վերաբերյալ, որում Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը:
«Մասնավորապես, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում 2023 թվականի հունիսի 1-ից 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի առանցաքային զարգացումների մեջ մատնանշում է, որ կառավարությունը կալանավորել է մարդկանց՝ օնլայն տիրույթում իշխանությանը քննադատող խոսքի համար:
Զեկույցում մասնավորեցվում է, որ 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են խուլիգանության մեղադրանքով և դատապարտվել երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո:
Նշենք, որ Freedom House-ի վերջին տվյալներով՝ Հայաստանը 54/100 միավորով դասվում է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ համացանցի ազատությամբ՝ 74/100 միավորով՝ ազատ երկրների շարքին:
Զեկույցը համացանցի ազատությունը գնահատելիս սահմանում է տարբեր չափանիշներ և գնահատում դրանք: Այդ չափանիշներից մեկն էլ այն է, թե արդյոք անհատները պատժվում են առցանց գործունեության համար, հատկապես նրանք, որոնք պաշտպանված են մարդու իրավունքների միջազգային չափանիշներով: Եթե հարցադրման պատասխանը բացասական է, Freedom House-ը 6 միավոր է շնորհում պետությանը: Մինչդեռ զեկույցն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների և վարողների կալանավորման օրինակով արձանագրել է, որ Հայաստանում անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանավորվում են իրենց առցանց գործունեության համար, ինչի համար միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին հնարավոր 6 միավորից 4 միավոր է շնորհել:
Ըստ Freedom House-ի զեկույցի՝ 2024 թվականի մարտին իրավապահները ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ովքեր քննադատել են կառավարությանն իրենց «Իմնեմնիմի» փոդքաստում։ Այնուհետև հաղորդավարները խուլիգանության մեղադրանքով դատապարտվել են երկու ամսվա նախնական կալանքի: Զեկույցում նշված է՝ եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում: Զեկույցը մեջբերել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունը, ըստ որի՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը խուլիգանություն են կատարել՝ «բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով» և Փաշինյանին ու նրա կառավարությանը հայհոյելով՝ փոդքասթի՝ այդ օրերին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստին առնչվող թողարկման ընթացքում:
Զեկույցը հրապարակել է Նարեկ Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերի հղումն AntiFake.am լրատվական կայքից:
Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»–ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է վարչական վերահսկողություն, օգոստոսի 14-ին դատարանը մերժել է փոդքասթը վարելու արգելքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Համահեղինակները ժամանակավորապես զրկված են սեփական հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից:
Հայաստանում արտահայտման ազատության դեմ աղաղակող բռնաճնշման այս դեպքին անդրադարձել են Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցություններ, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ»: