Հետևեք մեզ։

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը․ «Ազատություն»

09:59, 03 մայիս 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը․ «Ազատություն»
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։


Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:


«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։


Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն։

«Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։

Վերլուծական