Վրաստանը Եվրամիության անդամ չի դառնա ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 2030 թվականին։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
Գերչինսկին նշել է, որ Եվրամիությունը հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը։
«Ընտրությունները տեղի կունենան մեկ շաբաթից։ Դա ձեր ընտրությունն է, Վրաստանի քաղաքացիներ, դուք որոշեք, թե ինչն է վերաբերում ձեր և ձեր երեխաների ապագային։ Ինչ էլ որ որոշեք, ԵՄ-ն հարգում է ձեր ընտրությունը։ Սա ամենամեծ տարբերությունն է ԵՄ-ի և Խորհրդային Միության միջև։
Մենք հարգելու ենք ձեր ընտրությունը, ձեր ապագան ձեր ձեռքերում է, ոչ թե ուրիշի, բայց խնդրում եմ հարգեք, որ Եվրամիությունը հիմնված է որոշակի արժեքների վրա։ Սրանք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները։ Այս արժեքները սակարկելի չեն։ Եթե վրացի ընտրողները որոշեն Վրաստանը վերածել միակուսակցական պետության, եթե դուք որոշեք արգելել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, քշեք քաղաքացիական հասարակությանը երկրից, եթե թույլ տաք, որ Վրաստանը դառնա մի վայր, որտեղ ազատ լրատվամիջոցներ չեն լինի, եթե որոշեք, որ Վրաստանում յուրաքանչյուր մարդու իրավունքները պաշտպանված չեն լինի, ուրեմն ուզում եմ ձեզ բացահայտ ասել, որ Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 2030 թվականին»։