Հետևեք մեզ։

Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերը դատախազության հաղորդման մեջ ներառված չեն, որովհետև ԱԺ-ին ու հասարակությանն ասելիք չունենք․ Աննա Վարդապետյան

11:30, 03 մայիս 2023
Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերը դատախազության հաղորդման մեջ ներառված չեն, որովհետև ԱԺ-ին ու հասարակությանն ասելիք չունենք․ Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց դատախազության 2022 թ․գործունեության մասին հաղորդումը։ Դրա շրջանակներում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը երեկ ամբիոնից խոսում էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեղավորներին  պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքում են գտնվում ինչպես Հոկտեմբերի 27-ի, այնպես էլ Մարտի 1-ի գործերը։

Ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը նախ ասաց, որ այս երկու գործերի վերաբերյալ տվյալներ դատախազության հաղորդման նախագծում ներառված են եղել, բայց իր կողմից դրանք վերջնական տարբերակում չեն ներառվել, որովհետև, իր գնահատմամբ, իրենք բովանդակային առումով Ազգային ժողովին և հասարակությանը դեռ ասելիք չունեն։

«Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են, մենք պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր հաղորդումը, այս երկու գործերին անդրադարձ կատարեցինք, և ես, կրկնելով այն, ինչ ասել եմ հանձնաժողվոի նիստի ժամանակ, կցանկանամ նշել, որ Մարտի 1-ի գործը, որ բաղկացած է 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում են մեկ քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում և քննարկվում են ինձ մոտ, քանի որ վարույթներով կան ժամկետների, և ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Նա նաև նշեց, որ ինքը գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է։ «Ես կարծում եմ, որ 2023 թ, հաղորդման մեջ մենք 800 հատորի վերաբերյալ, բնականաբար, ամբողջությամբ հնարավոր չէ, բայց դրա առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրած կլինենք։ Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, ապա ուղղակի ֆիզիկապես այս վարույթին ես չեմ հասցրել անդրադառնալ, գիտեք՝ ես պաշտոնավարում եմ ոչ ամբողջական ութ ամիս, և Մարտի 1-ն այս երկու գործերից ինձ համար ամենաառաջնայինն էր՝ հաշվի առնելով հենց այդ ժամկետների առկայությունը։ Գիտեք, նոր Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ, և եթե այդ ժամկետների ընթացքում անձի վերաբերյալ գործը չի ուղարկվում դատարան, անձի նկատմամբ հետապնդումը ենթակա է ռեաբիլիտացիոն հիմքով կարճման, և անձը համարվում է արդարացված։ Ուստի, դրանով է պայմանավորված, առաջնահերթության կարգով էր հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը»,-ասաց Աննա Վարդապետյանը՝ հույս հայտնելով, որ Հոկտեմբերի 27-ի գործին տարվա երկրորդ կեսում կհասցնեն այս ձևաչափով անդրադառնալ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ