Հետևեք մեզ։

ԲԴԽ-ն դիմումը քննել է գրավոր, առանց Դավիթ Հարությունյանի ներկայության ու որոշել, որ գործը չի վերանայվի

20:32, 18 հոկտեմբեր 2024
ԲԴԽ-ն դիմումը քննել է գրավոր, առանց Դավիթ Հարությունյանի ներկայության ու որոշել, որ գործը չի վերանայվի

Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը չի վերանայի: Այս մասին որոշումը ԲԴԽ-ի կայքում հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 18-ին: 

 

2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։

 

Բացի այդ, նիստի ընթացքում Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, և սա այն դեպքում, երբ դատավորը դեռևս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաև դատավորի փաստաբանները։ 

 

ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և Բարձր դատարանը մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ 

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով»,- որոշման մեջ նշել էր Սահմանադրական դատարանը:

 

Այս որոշումից հետո Դավիթ Հարությունյանը դիմել էր ԲԴԽ` իր գործի վերանայման պահանջով: ԲԴԽ-ն դիմումը գրավոր  է քննել ու առանց կողմերի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի ներկայության ու այսօր  որոշել, որ գործը չի վերանայվի: 

Վերլուծական