Հետևեք մեզ։

Իսկ ինչո՞ւ ՌԴ-ն չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երաշխավորված դրույթները. Խանդանյանն արձագանքեց Պեսկովին. «Արմենպրես»

12:40, 03 մայիս 2023
Իսկ ինչո՞ւ ՌԴ-ն չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երաշխավորված դրույթները. Խանդանյանն արձագանքեց Պեսկովին. «Արմենպրես»

Հայաստանը, անկախ նրանից, թե ինչ հարթակում են ընթանում բանակցություններն Ադրբեջանի հետ, միշտ պաշտպանում է իր սկզբունքները՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը, Հայաստանի սահմանների անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին:

Անդրադառնալով հարցին՝ եթե կողմերը Վաշինգտոնում բանակցություններից հետո պատրաստվում են նաև Մոսկվայում բանակցություններ սկսել, դա խառնաշփոթ չի՞ ստեղծի՝ պատգամավորը պատասխանեց, որ Հայաստանի տեսանկյունից որևէ խառնաշփոթի հարց չկա, Հայաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, ցանկացած հարթակում միշտ պաշտպանում է այդ սկզբունքները: Դրանք  տարածաշրջանում խաղաղության ապահովումն է, Հայաստանի սահմանների անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանությունն են՝ անկախ հարթակից:

Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների վերաբերյալ հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա, և  չկան իրավական այլ հիմքեր, Խանդանյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իհարկե, շատ կարևոր է: «Եվ շատ կարևոր է, որ այնտեղ արձանագրված շատ դրույթներ պահպանվեն: Բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված դրույթները, մասնավորապես Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը և այլն»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նկատեց՝ ՌԴ-ն բոլոր պաշտոնական մակարդակներով հայտարարում է, որ կողմ է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը:

Վերլուծական