Hayastan.news-ի տեղեկություններով՝ հինգշաբթի Սահմանադրական դատարանում հանդիպում է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ու քաղաքական իշխանության ներկայացուցիչների միջև։
Հանդիպմանը մասնակցել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի Վլադիմիր Վարդանյանը և ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Hayastan.news-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանից հաստատեցին հանդիպման մասին լուրը` չհայտնելով այլ մանրամասներ:
Hayastan.news-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, հարցին, թե արդյոք հանդիպմանն անդրադարձ արվել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր նշանակելու մասին հարցին, հայտնեց. «Կայացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստ»:
Հարցին, թե հայ-ադրբեջանական խնդրին առնչվող հարց քննարկվե՞լ է, Անի Բադալյանը հայտնեց, որ վերը նշված պատասխանի շրջանակից դուրս այլ հարց չի քննարկվել:
Նշենք, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մոտ 20 օր է դատավոր չունի:
Դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։