Հետևեք մեզ։

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային սպառնում է պատերազմով

21:13, 19 հոկտեմբեր 2024
Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային սպառնում է պատերազմով

Հյուսիսային Կորեան մեղադրել է Սեուլին «ռազմական լուրջ սադրանքի» մեջ այն բանից հետո, երբ, Փհենյանի պնդմամբ, Հյուսիսային Կորեայի տարածքում հայտնաբերվել է հարավկորեական խոցված անօդաչու թռչող սարք: Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնացել է, որ հաջորդ անգամ ռազմական միջոցներով Հյուսիսային Կորեայի տարածքի խախտումը կդիտարկվի որպես «պատերազմի հայտարարում» և կհանգեցնի «անհապաղ պատասխան հարվածի»։

 

Ինչպես հայտարարում են Հյուսիսային Կորեայի իշխանությունները, հարավկորեական խոցված ռազմական անօդաչուի բեկորները հայտնաբերվել էին հոկտեմբերի 13-ին՝ Փհենյանում: Այս մասին տեղեկացնում է hetq.am-ը։

 

Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալության պնդմամբ՝ հատուկ ստեղծված քննչական խումբը ենթադրում է, որ հենց այդ անօդաչու թռչող սարքն է թռուցիկներ նետել Փհենյանի կենտրոնի վրա, սակայն վերջնական եզրակացությունը դեռ չկա։

 

 

Վերջին շրջանում Կորեական թերակղզում լարվածությունը զգալիորեն աճել է։ Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան պայթեցրել էր Հարավային Կորեա տանող ճանապարհները, որոնք ժամանակին համարվում էին միջկորեական համագործակցության խորհրդանիշ: Սեուլի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան 2024 թվականի սկզբից սահմանի երկայնքով նոր հակատանկային պատնեշներ է կառուցում և ականներ տեղադրում։ 

 

Ավելի ուշ Փհենյանում հաստատել են, որ Հյուսիսային Կորեայի նոր սահմանադրության մեջ Հարավային Կորեան պաշտոնապես կնշվի որպես «թշնամական պետություն»: Այսպիսով, Հյուսիսային Կորեան պաշտոնապես հրաժարվել է Հարավային Կորեայի հետ միավորվելու գաղափարից։

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում։