Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան և բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու մասին (տեսանյութ)

13:09, 03 մայիս 2023
Աննա Վարդապետյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան և բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու մասին (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացնում էր դատախազության 2022 թ․գործունեության մասին հաղորդումը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դատախազից գնահատական խնդրեց խոշտանգումների ենթարկված անձանց վերաբերյալ, նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կարող է տալ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանում մահվան և օրեր առաջ հրապարակված՝ Քննչական կոմիտեի վարչության երկրորդ հարկի պատուհանից մեղադրյալի՝ ցած նետվելու և ինքնասպանություն գործելու դեպքի վերաբերյալ։

 

Աննա Վարդապետյանն ասաց, որ ապացույցի թույլատրելիության խնդիր է բարձրանում, երբ անձը խոշտանգման վերաբերյալ հայտարարություն է անում։ Ապա, անդրադառնալով Քննչական կոմիտեի պատուհանից ցած նետվելով ինքնասպանություն գործելու դեպքին, դատախազն ասաց, որ հիշում է նման դեպք, որովհետև փաստաբանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, ապա հիշեցրեց․ «Գիտեք, դատախազությունն՝ ինքը նախաքննության նկատմամբ հսկոություն և վերահսկողություն իրականացնելու գործառույթ ունի, և մեզ ուղարկվող հաղորդումները մենք ուղարկում ենք ըստ քննչական ենթակայության։ Այս մասով որևէ գնահատական հնչեցնել չեմ կարող, որովհետև մի քանի օր առաջ ուղարկված հաղորդում է, որը պետք է ստուգվի»։

 

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի՝ դատարանում հանկարծամահ լինելու դեպքին, Վարդապետյանը նշեց, որ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմի հետ կապված որևէ պատճառական կապ չի հաստատվել վարույթի շրջանակներում։ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց նաև քաղաքական տարբեր ակցիաների շրջանակներում ոստիկանության, հատկապես՝ կարմիր բերետավոր ոստիկանների կողմից իրականացված բռնության դեպքերով արդյոք կա՞ մեղադրվող ոստիկան։ Վարդապետյանն այս մասով էլ հստակ որևէ բան չասաց՝ նշելով, որ իրենք հետազոտություն են իրականացնում, թե որ դեպքում է, որ ուժի կիրառումը կարող է լինել իրավաչափ, իսկ որ դեպքերում է, որ ուժի կրառումը հանգեցնում է անհամաչափության դրսևորման։

 

«Մենք կարծում ենք, որ որոշ ժամանակ անց՝ մենք կկարողանանք հասարակությանը ներկայացնել մեր այս հետազոտությունը»,-ասաց Աննա Վարդապետյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում․