«Ազատության» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգանավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասին։
«Ազատություն». - Ձեր բացակայության ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի և Ձեր կուսակից Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ եղավ. Արգիշտի Քյարամյանը ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել, պատգամավորը պահանջում է ապացուցել, հակառակ դեպքում պնդում է, որ դա խորհրդարանում պետք է հետևանքներ ունենա։ Համաձա՞յն եք Հովիկ Աղազարյանի հետ։
Ալեն Սիմոնյան. - Ես կարծում եմ, որ նախևառաջ մենք պետք է հասկանանք, որ չի կարելի ՔԿ-ին, ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ, ծանր ու հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների նկատմամբ անհարգալից լինել. Ես դա միանշանակ անընդունելի եմ համարում։ Եվ մենք այդ հարցը քննարկում ենք և կքննարկենք, կշարունակենք («Քաղաքացիական պայմանագրի» ներսում)։ Մենք կարգապահական վարույթ ունենք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այն պատգամավորների նկատմամբ և այդ միջադեպի հետ կապված, որը կքննարկենք գալիք վարչության նիստերի ընթացքում։
Արդեն կա քննություն, ինչպես նաև քննություն կա Քննչական կոմիտեի ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում։