ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է՝ պայմանավորված Խաչատրյանի առողջական վիճակով։ Նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը Hayastan.news-ի հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանը մայիսի 1-ի գիշերը առողջական վիճակի սրացման պատճառով շտապ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, վիրահատվել է, այս պահին հիվանդանոցում է գտնվում։
Թե ինչ վիրահատության է ենթարկվել Խաչատրյանը, ինչ խնդիր է եղել նրա մոտ, պաշտպանը չմանրամասնեց, միայն նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը բավարար է գնահատվում։ Նա նշեց, որ դատական նիստն այսօր այդ հիմքով հետաձգվել է մինչև հունիսի 9-ը։ Իրենք ակնկալում են, որ այս ընթացքում Խաչատրյանը կկազդուրվի և կմասնակցի նիստին։
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի կողմից 800 մլն դրամ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնմանը, Երեմ Սարգսյանն ասաց՝ դա վնասի վերականգնում չէ, այլ դեպոզիտային հաշվին գումար է վճարվել, բայց չասաց՝ անձամբ Գագիկ Խաչատրյա՞նն է վերականգնել այդ գումարը, թե՞ այլ անձ։ «Ինձ որ ասում են՝ Գագիկ Խաչատրյանն է վերականգնել, ես ասում եմ՝ Խաչատրյանը չի վերականգնել, այլ գործով վերականգնվել է։ Ավելի ճիշտ՝ վերականգնում չի, այլ դեպոզիտ հաշվի վնասի վերականգնման փոխհատուցման վերականգնում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ