Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ բարդ կոորդինատներ ունի, որովհետև թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը տարբեր պատկերացումներ ունի ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նախ շնորհավորեց բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով ինստիտուտի գործունեությունը և նրա անկախությունը։
«Ընդգծեմ նաև, որ շատ բարդ կոորդինատներ ունի ինստիտուտը, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն՝ իր պատկերացումները, որոնք նույնպես ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Հանրությունն իր հերթին ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն արձանագրեց, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որովհետև երբեմն իշխանությունն աշխատանքի ընթացքում կարող է շատ նրբություններ չնկատել, կարևորություն չտալ։
«Իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը գնում է մարդու իրավունքների, ազատությունների և օրինականության մասին․ հարցեր, որոնք մեր կառավարության առաջնային օրակարգի տիրույթում են: Հարցեր, որոնք առաջ բերելով, մենք հաղթել են ընտրություններում երկու անգամ։ Հետևաբար, շատ կարևոր է, թե ինչպես են տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը»,-նշեց Փաշինյանը։
Այս առումով վարչապետը կարևորեց Հայաստանում իրավունքի և արդարության ստանդարտ ունենալը։
«Իրավունքի և արդարության ստանդարտը շատ կարևոր մի գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել։ Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, իրավունքի ստանդարտ պետք է ունենանք, որպեսզի այդ թվում օրինականությունը չօգտագործվի մարդկանց իրավունքներից զրկելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։
Համաժողովին ելույթ ունեցան նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որից հետո ցուցադրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված տեսանյութ։
«Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում․ դիմակայունություն և մարտահրավերներ» թեմայով համաժողովի նպատակն է հարթակ հանդիսանալ՝ անդրադառնալու մարդու իրավունքների ազգային հաստատությունների մանդատին և դերին ճգնաժամային իրավիճակներում։
Համաժողովի ընթացքում ընդգծվեց մարդու իրավունքների ազգային և օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը։ Համաժողովը նաև ամփոփեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 20 տարիների առանցքային ձեռքբերումները։