Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովները իրենց առջև չեն դրել սահման գծելու խնդիր, այլ դրել են սահմանը վերականգնելու խնդիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:
«Երբեք չի կարելի ասել, որ մենք գնում ենք սահման գծելու: Եվ չի կարելի ասել, որ մեր լիազորությունների շրջանակը որոշելու ենք որպես մարմին, որը պետք է սահման գծի: Իհարկե, դա անհնարին է և հակասահմանադրական է առնվազն: Բայց մենք մեր առջև չենք դրել սահման գծելու խնդիր, մեր առջև դրված է սահմանը վերականգնելու խնդիր, վերականգնելու այն քարտեզների վրա, որոնք իրավական են»,-ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը շեշտեց՝ քարտեզը նախ պետք է լինի տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ, կազմված մարմնի կողմից, որը ունեցել է նման լիազորություն, կազմված մարմնի կողմից, որը հիմք է ընդունել այն իրավական փաստաթղթերը, որոնք իմպերատիվ են եղել այն ժամանակ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար:
«Ամբողջական քարտեզ գոյություն չունի: Կան քարտեզներ՝ տարբեր մասշտաբի, տարբեր ժամանակահատվածում հաստատված, տարբեր ժամանակահատվածներում հերթապահություններ անցած, այսինքն՝ ըստ էության ուժի մեջ մտած»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզն է, որը կազմվել է մարմնի կողմից, որը նման լիազորություն ունեցել է խորհրդային ժամանակաշրջանում: