Հետևեք մեզ։

Որևէ սկզբունք չի ամրագրվել, թե ոնց են որոշվում հատվածները, Տավուշի սահմանազատումը բացառություն էր․ Մհեր Գրիգորյան

13:26, 21 հոկտեմբեր 2024
Որևէ սկզբունք չի ամրագրվել, թե ոնց են որոշվում հատվածները, Տավուշի սահմանազատումը բացառություն էր․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ չեն եղել, Տավուշի հատվածը եղել է ամենաբարդը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հետաքրքրեց՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ սահմանազատումը սկսվում է Տավուշի հատվածից, և ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե հաջորդը որն է լինելու:

«Հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել: Որևէ սկզբունք չի ամրագրվել, թե ոնց են որոշվում հատվածները: Մի սահմանում կա, որը ես համարում եմ, որ ռեալ պայմանավորվածություն է, որ հարցը կոնսենսուսով պետք է որոշվի»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ չի կարող կողմերից մեկը միանձնյա որոշել, թե որտեղից պետք է շարունակեն:   

Նրա խոսքով՝ բացառություն է եղել Տավուշի հատվածում սահմանազատումը: Գրիգորյանն ընդգծեց, որ Տավուշի հատվածի սահմանազատումն իրականում ամենաբարդն էր: Երկար քննարկումներից հետո է ի վերջո ձեռք բերվել կոնսենսուս գործընթացն ամենաբարդ հատվածից սկսելու վերաբերյալ: «Բնակավայրերի խտություն, մխրճվածություն. սահմանային իմաստով կոնցենտրացիան ամենամեծը Տավուշի մարզում էր»,-նշեց Մհեր Գրիգորյանը: