Հետևեք մեզ։

ChatGPT-ն գործի է դրվել Facebook-ում և X-ում ադրբեջանական քարոզչություն տարածելու համար

14:57, 21 հոկտեմբեր 2024
ChatGPT-ն գործի է դրվել Facebook-ում և X-ում ադրբեջանական քարոզչություն տարածելու համար

Նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

 

ChatGPT-ն ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է «Ազդեցության և կիբեռ գործողությունների թարմացված զեկույցը», որտեղ ներկայացված է, թե ինչպես են տարբեր խմբեր օգտագործում արհեստական բանականությունը իրենց վատ նպատակների համար։ Ներքին հետաքննության արդյունքում բացահայտվել է «A2Z» անունով օպերացիա, որի շրջանակներում սոցիալական մեդիայում տարածվել էին Ադրբեջանին գովերգող մեկնաբանություններ, գրում է «Հետքը»։

 

«A2Z» օպերացիայով փորձ է արվել բարձրացնել Ադրբեջանի դիրքը միջազգային հարթակներում ու երկրի մասին դրական պատկեր ստեղծել: Քարոզչական արշավը իրականացվել է տարբեր լեզուներով՝ ներառյալ հայերենը։ Սոցցանցերում ChatGPT-ով ստեղծված մեծաքանակ մեկնաբանություններ ու հրապարակումներ են տարածվել։ 

 

Քարոզչությունն առանձնակի ուշադրություն է դարձրել Ադրբեջանի նշանակությանը՝ որպես Եվրոպայի էներգետիկ կայունության ապահովող։ Արշավի ընթացքում շեշտադրվել է, թե ինչպես է Ադրբեջանը օգնում միավորել Կենտրոնական Ասիայի երկրները և բավարարել Եվրոպայի էներգետիկ պահանջները։ Այս գործընթացում Ադրբեջանը ներկայացվել է որպես կարևոր քաղաքական խաղացող՝ ի պատասխան երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատությանը։

 

Ըստ զեկույցի՝ խումբը գործել է ԱՄՆ-ից։ «A2Z»-ի շրջանակներում  շուրջ 150 կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել՝ նպատակային հրապարակումներ կատարելու համար: Այս հաշիվները հիմնականում գործել են X (նախկինում՝ Twitter) և Facebook հարթակներում՝ ակտիվորեն պաշտպանելով Ադրբեջանի քաղաքականությունը։ 

 

Տարածվել են նաև արհեստական բանականությամբ գեներացված նկարներ, որտեղ քարոզվում է «Մեծ Թուրան» ստեղծելու ու թյուրքական ժողովուրդներին համախմբելու գաղափարը։

 

Զեկույցում նշվում է, որ չնայած լայնածավալ այս ջանքերին՝ «A2Z»-ը մեծ հաջողություն չի ունեցել։ Հրապարակումները հիմնականում քիչ արձագանք են ստացել, իսկ խմբի անդամների հաշիվներն արգելափակվել են։

Վերլուծական