ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։
«Այս ընթացքում յուրացրած գիտելիքը նպաստելու է Հայաստանում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ու լեզվի տարածմանը։ Դուք երկար ճանապարհ եք անցել և լավ արդյունքներ եք ցուցաբերել՝ հասնելով այս փուլին: Լիահույս եմ՝ դա ձեզ ավելի է մոտիվացնում՝ առավել շատ ներգրավվելու դասընթացներին և աշխատելու ձեր մասնագիտական զարգացման ու կատարելագործման ուղղությամբ»,- դիմելով ծրագրին մասնակից ուսուցիչներին՝ ասել է Թամարա Սարգսյանը:
Մանկավարժներին շնորհավորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Վերապատրաստումը բաղկացած է երկու փուլից. նախ ընտրված մասնակիցները առկա ձևաչափով կհանդիպեն Երևանում 2024 թ. հոկտեմբերի 21-25-ը՝ «Ավելացնելով հեռավար ուսուցումը» թեմայով 30 ժամ տևողությամբ դասընթացի շրջանակում, այնուհետև՝ ենթաաշխատանքային խմբերով 2024 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: France Education International-ի փորձագետների կողմի ծրագիրը կշարունակվի հեռավար։