ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Անդրադառնալով կրթության և գիտության բնագավառում հարաբերությունների խորացմանը՝ կողմերն անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը:
Կողմերն անդրադարձել են նաև գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցման որակի բարելավման նպատակով սեմինարների, խորհրդատվությունների, փոխադարձ այցերի կազմակերպմանը:
ԿԳՄՍ նախարարը դեսպանին է ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը՝ այս համատեքստում ևս ընդգծելով գերմանական հեղինակավոր հաստատությունների հետ համագործակցությունը:
Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է՝ մշակույթի ոլորտում ևս առկա է համագործակցության լայն ներուժ՝ ընդգծելով թե՛ կինոարվեստի, թե՛ երաժշտության, թե՛ թանգարանային ոլորտում փոխգործակցության հեռանկարները:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: