Հետևեք մեզ։

Նոր Կալեդոնիայում երկարաձգել են պարետային ժամի ռեժիմը՝ շարունակվող անկարգությունների պատճառով

18:37, 21 հոկտեմբեր 2024
Նոր Կալեդոնիայում երկարաձգել են պարետային ժամի ռեժիմը՝ շարունակվող անկարգությունների պատճառով

Ֆրանսիայի իշխանությունները երկարացրել են պարետային ժամը հանրապետության անդրծովյան տարածք հանդիսացող Նոր Կալեդոնիայում մինչև նոյեմբերի 4-ը։ Պատճառն այնտեղ շարունակվող անկարգություններն են, որոնք արդեն 2,2 միլիարդ եվրոյի վնաս են հասցրել: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:

 

Գործակալության տվյալներով՝ մայիսի կեսերից շարունակվող անկարգությունների ընթացքում սպանվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու ժանդարմ, իսկ վնասը գնահատվում է առնվազն 2,2 միլիարդ եվրո։ Բացի այդ, արշիպելագի հարյուրավոր բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել ընդհարումների ընթացքում։

 

Նոր Կալեդանիայում պարետային ժամը գործում է մայիսի 17-ից։ Իշխանությունները նաև սահմանափակել են ցանկացած զանգվածային միջոցառումների անցկացման հնարավորություն, բացառությամբ մարզական մրցումների։ Բողոքների ճնշման համար Նոր Կալեդոնիա են ուղարկվել ոստիկանական լրացուցիչ ուժեր։

 

Մայիսի 13-ին արշիպելագի վարչական կենտրոն Նումեայում անկարգություններ են սկսվել տեղական ընտրություններում   ընտրողների ցուցակներն ընդլայնելու մասին Ֆրանսիայի օրինագծի պատճառով։ Փաստաթղթի նախագիծը նախատեսում է տարածաշրջանային ընտրություններում քվեարկելու իրավունքի տրամադրում այն անձանց, ովքեր Նոր Կալեդոնիայում բնակվում են  ավելի քան 10 տարի։

 

Մինչ այդ ընտրելու իրավունք ունեին միայն այն քաղաքացիները, որոնք ընտրական ցուցակներում գրանցվել էին 1998 թվականի Նումեայի համաձայնագրի կնքման պահին, որն ընդլայնում է անդրծովյան տարածքի ինքնավարությունը։ Օրենսդրության մեջ նորամուծություններին դեմ են հանդես գալիս Նոր Կալեդոնիայի բնիկները՝ կանակները (արշիպելագի բնակչության 41,2 %-ը), որոնք կարծում են, որ նոր ընտրողների հոսքը կնվազեցնի իրենց քաղաքական ազդեցությունը: