Հազարավոր մարդիկ միացել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած բողոքի ցույցին, որն ուղղված էր ընդդեմ այդ երկրի սոցիալիստ վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության վարած քաղաքականության։
Ցուցարարները պահանջել են արտահերթ ընտրություններ։ Ցույցի կազմակերպիչները եղել են աջամետ եւ աջակենտրոն կուսակցությունները։ Մասնավորապես, որպես ցույցի կազմակերպիչներ են հանդես եկել «Ժողովրդական կուսակցությունն» ու «Vox» կուսակցությունը։
Ցույցի կարգախոսն է եղել՝ «Հանուն միասնականության, արժանապատվության, օրենքի եւ ազատության․ անհապաղ անցկացնել նոր համընդհանուր ընտրություններ»։ AFP-ն հայտնում է, որ ըստ իշխանությունների, ցույցին մասնակցել է 25 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները նշում են, որ ցույցին մասնակցել է 400 հազար մարդ։ Ցուցարարները նշում են, որ ինչ էլ ասի Սանչեսի կառավարությունը, իսպանացիներն այսօր շատ ավելի աղքատ են, քան նախքան Սանչեսի իշխանության գալը։