Հետևեք մեզ։

Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից, դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը

21:17, 21 հոկտեմբեր 2024
Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից, դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը

Չորս օր տևած անձրևն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Փոթիի, Չխորոծկղուի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

 

Աղետից տուժել է հատկապես Փոթին, որտեղ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դպրոցներում և մանկապարտեզներում դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Պատճառն այս հաստատությունների բակերի և մուտքի ճանապարհների հեղեղումն է։

 

Փոթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են՝ ուսումնական գործընթացը կվերսկսվի ստեղծված իրավիճակի բարելավմանը զուգահեռ։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան տվյալներով՝ մունիցիպալիտետի ողջ տարածքում վնասվել է մոտ 300 տուն։ Քամին պոկել է որոշ տների տանիքը, մասամբ էլ ջրի տակ են հայտնվել տների առաջին հարկերը։

 

Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել հիմնականում Զուգդիդիի մունիցիպալիտետի Անակլիայի վարչական միավորում։ Այստեղ ջրի տակ են անցել մի քանի բնակելի տների առաջին հարկեր և տնակներ։

 

Առատ տեղումներն առաջացրել են գետերի զգալի վարարումներ, ջրահեռացման ջրանցքների վարարումներ և հեղեղումներ։ 

 

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի Սենակի և Աբաշի մունիցիպալիտետներում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են գյուղատնտեսական հողատարածքներ։

 

Նշվում է, որ Սամեգրելոյում արդեն չորս օր է, ինչ անձրև է տեղում, տեղ-տեղ ուժեղ քամի է։ Օդերևութաբանները հոկտեմբերի 22-ից Արևմտյան Վրաստանում կրկին անձրև և ամպրոպ են կանխատեսում: