Factor.am-ը գրում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները դեպքից 11 տարի անց դեռևս պահանջում են արդարացնել Ավետիք Բուդաղյանին: Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն արդեն 6 դատավոր է քննել, բայց որևէ մեկն ավարտին չի հասցրել. դատավորները տեղափոխվել են այլ դատարան, կասեցվել են նրանց լիազորությունները և նմանատիպ այլ պատճառներ: Փաստաբան Հայկ Ալումյանն արդեն 11 տարի է՝ այս գործով է զբաղվում:
Լրատվամիջոցը մանրամասն ներկայացրել է, թե վերջին 6 տարում միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու պատճառով որքան գործի քննություն է վերսկսվել։
Ինչ է տեղի ունեցել 11 տարի առաջ
2013 թվականի հունիսին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով մահացավ Ավետիք Բուդաղյանը: Այս դեպքից հետո մեղադրանք առաջադրվեց մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և նրանց մտերիմ Զարզանդ Նիկողոսյանին: Երկար ժամանակ չանցած՝ գործով քննիչը որոշում կայացրեց, որում գրված էր, թե դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, սպառնացել, կրակոցներ արձակել, ինչի հետևանքով Խաչատրյանների մտերիմ Նիկոլայ Աբրահամյանը մարմնական վնասվածք է ստացել: Այս գործողությունները նկարագրելուց հետո քննիչը որոշում էր կայացրել Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել այն պատճառով, որ նա մահացած է: Փաստացի ստացվում է, որ առանց դատավճռի՝ քննիչի որոշմամբ, Ավետիք Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Այս որոշմամբ արդեն հաստատված համարելով Ավետիք Բուդաղյանի հանցավոր գործողությունները՝ քննիչը որոշում էր կայացրել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրանց մտերիմ, միջադեպի մասնակից Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նրանք դիմել են անհրաժեշտ պաշտպանության: Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր թե՛ նախկին մարզպետի որդու և նրանց մտերիմ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, թե՛ Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ նա սպանության փորձ է կատարել և ծանր մարմնական վնասվածք պատճառել, բայց մահվան հիմքով նրա նկատմամբ հետապնդում չի իրականացվել: Հայկ Ալումյանի ներկայացմամբ՝ մարզպետի որդու և նրանց մտերիմ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ իրենց բողոքները հասել են մինչև Վճռաբեկ դատարան, բայց որոշումն անփոփոխ է մնացել: Ինչ վերաբերում է Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ բողոքին, փաստաբանը նշել էր, որ քննիչի որոշմամբ անձը չի կարող մեղավոր ճանաչվել սպանության փորձ կատարելու մեջ: Այս գործով պաշտպանական կողմն ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել, որը քննության է ընդունել բողոքը, և այն ժամանակ, երբ արդեն կանխատեսելի էր, որ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացնելու, Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է վերացնել քննիչի որոշումը՝ պատճառաբանելով, որ Ավետիք Բուդաղյանը միայն դատարանի դատավճռով կարող էր մեղավոր ճանաչվել:
Այսպիսով, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ քննության:
«Հիմա մենք Ավետիք Բուդաղյանի մեղադրանքից պաշտպանվում ենք, փորձում ենք հասնել նրան, որ դատարանն արդարացնի Ավետիք Բուդաղյանին։ Երբ կարդարացվի, դրանից հետո կվերադառնանք Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններին, և արդարությունը կվերականգնվի»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը: Ահա այս գործն է, որ արդեն 6-րդ դատավորին է մակագրվում: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ առաջին անգամ գործը դատարան է ուղարկվել 2020 թվականի հունիսի 2-ին:
Ստորև ներկայացնում ենք, թե դատավորներից ով ինչ պատճառով չի ավարտել այս գործի քննությունը:
Նապոլեոն Օհանյան
Գործն առաջին անգամ մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ քննել է նույն միջադեպի առթիվ մեկ այլ մեղադրյալի՝ Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանի վերաբերյալ գործը և նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացրել:
Հրաչյա Մեխակյան
Նապոլեոն Օհանյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է դատավոր Հրաչյա Մեխակյանին: Այս դատավորի վարույթում գործը գտնվել է 6 ամիս, ապա նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Արմավիրի մարզ՝ չավարտելով գործի քննությունը:
Բորիս Բախշիյան
2020 թվականի դեկտեմբերի 12-ին գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին: Դատավորի վարույթում գործն ավելի քան 1 տարի քննվել է, սակայն 2022 թվականի փետրվարին Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Բախշիյանի լիազորությունները կասեցնել: Նրա վարույթում առկա բոլոր գործերը մակագրվել են այլ դատավորների:
Լուսինե Սեփխանյան
2022 թվականի փետրվարի 2-ին Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին: Այս դատավորի վարույթում գործի քննությունը գրեթե ավարտական փուլում էր, երբ նա Սյունիքի մարզից տեղափոխվեց այլ՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կրկին չհասցնելով ավարտել գործի քննությունը:
Մուշեղ Արամյան
2023 թվականի փետրվարի 10-ին գործը մակագրվեց դատավոր Մուշեղ Արամյանին: 5 ամիս անց՝ 2023-ի հուլիսի 18-ին, այս դատավորը ևս ԲԴԽ-ի որոշմամբ տեղափոխվեց այլ դատարան, և գործի քննությունը սկսվեց նորից:
Վարսենիկ Մելքոնյան
2023-ի հուլիսի 18-ին գործը մակագրվել է դատավոր Վարսենիկ Մելքոնյանին ու այժմ գտնվում է այս դատավորի վարույթում: Այսինքն՝ գործով 6 դատավոր է փոխվել, ընդ որում, նրանց մեծ մասը՝ ԲԴԽ որոշումների հետևանքով, որով խախտվել են ողջամիտ ժամկետում գործը քննելու՝ շահագրգիռ անձանց իրավունքները։ Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 11-ի որոշմամբ՝ նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն ԲԴԽ-ի մեկ այլ որոշմամբ նա մինչև 2024-ի տարեվերջ գործուղվել է Սյունիքի մարզի դատարան և կշարունակի քննել այս դատարանում իր վարույթում գտնվող գործերը: Եթե Մելքոնյանը մինչև տարեվերջ չավարտի նախկին մարզպետի որդուն առնվող գործի քննությունը և տեղափոխվի Շիրակի մարզ, այն կմակագրվի 7-րդ դատավորին:
Շիրակի մարզի փաստաբանների գործադուլը
Վերը նշվածը դատավորների տեղափոխության միակ խնդրահարույց դեպքը չէ: 2023 թվականի մարտին Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ նախաձեռնեցին՝ ահազանգելով այն մասին, որ մարզի դատավորները ԲԴԽ որոշումներով անընդհատ տեղափոխվում են այլ դատարաններ՝ այսպիսով կիսատ թողնելով իրենց վարույթի գործերը: Փաստաբանները պահանջում էին, որպեսզի ԲԴԽ-ն դադարեցնի այդ գործելաոճը: Factor TV-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստաբանների ահազանգելուց ընդամենը 1 ամիս առաջ մարզում քրեական գործեր քննող միանգամից 4 դատավոր էր տեղափոխվել Երևան: Նրանց վարույթներում առկա շուրջ 300 գործի քննություն սկսվել էր նորից: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող մեկ այլ գործի մասին էլ փաստաբան Արսեն Սարդարյանն է պատմում. այս գործով տուժողի շահերն է ներկայացնում ու արդեն 4-րդ անգամ դատավորների փոփոխությունների հետևանքով գործի քննությունը սկսվել է նորից՝ տուժողներին հոգեբանական ծանր վիճակի մեջ դնելով:
Ինչպես բալանսավորված որոշումներ կայացնել
Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ դատավորների տեղափոխությունների հետևանքով նրանց վարույթի գործերի վերամակագրումը մեծ խնդիր է ստեղծում դատական համակարգի համար: Այս երևույթը ոչ միայն գործերի ձգձգման, այլ նաև դատավորների վարույթում գործերի կուտակման պատճառ է դառնում: Խնդիրը պետք է լուծում ստանա, սակայն, ըստ փաստաբանի, լուծումն այն չէ, որ դատավորները չպետք է տեղափոխվեն: «Այդպես չի լինի. դատավորները, իհարկե, պետք է տեղափոխվեն, պետք է առաջխաղացման հնարավորություն ունենան»,- ասում է Հայկ Ալումյանը և որպես հնարավոր լուծում՝ առաջարկում օրենսդրական կարգավորում: Ըստ փաստաբանի՝ երբ դատավորը մի դատարանից մյուսն է տեղափոխվում, պետք է օրենսդրորեն իրավունք ունենա իր վարույթում եղած գործերը շարունակելու և ավարտելու, օրինակ՝ շաբաթական երկու օր դատավորը կարող է աշխատել այն դատարանում, որտեղից տեղափոխվել է, մինչև կավարտի այնտեղ կիսատ թողած գործերը, և սա չպետք է ընկալվի այնպես, որ գործը քննում է ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից: Փաստաբանի խոսքով՝ լուծում կարող էր լինել նաև այն, որ նոր դատավորը գործի քննությունը սկսեր այն կետից, որ կետից նախորդ դատավորն էր ընդհատել, բայց դիտարկում է, որ դա գործի որակի վրա բացասաբար կանդրադառնա: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործի բոլոր ապացույցներն ու այլ նյութերը ենթակա են անմիջական հետազոտման (անմիջականության սկզբունք):
Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստի ընթացքում դատարանի և դատական վարույթի մասնակիցների միջև բոլոր շփումները, այդ թվում՝ նրանց ելույթները, միջնորդությունները և հայտարարությունները կատարվում են բանավոր, բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը դատական նիստում ենթակա են անմիջական հետազոտման դատարանի և դատական վարույթի մասնակիցների կողմից և դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն դատական նիստում հետազոտված ապացույցները: Փաստաբան Արսեն Սարդարյանը նկատում է, որ այս պահին ԲԴԽ-ի կողմից ձևավորված պրակտիկա կա, որն ինչ-որ չափով խնդիրը կարգավորում է. երբ առաջին ատյանի դատավորը տեղափոխվում է առաջին ատյանի մեկ այլ դատարան, օրինակ մարզից Երևան, նրան անմիջապես գործուղում են հին աշխատավայրի դատարան, և այս դեպքում գործերի վերամակագրում տեղի չի ունենում: Այսինքն՝ թեև դատավորը նշանակվում է այլ դատարանում, գործուղման միջոցով շարունակում է իր աշխատանքը այն դատարանում, որտեղից տեղափոխվել է ու գործուղման ժամկետի ընթացքում կարողանում է քննել իր վարույթում առկա գործերը: Բայց այս գործիքը, ըստ փաստաբանի, կիրառելի չէ, երբ դատավորը տեղափոխվում է այլ ատյանի դատարան, օրինակ՝ ընդհանուր իրավասության դատարանից Վերաքննիչ դատարան: «Այս առումով մենք խնդիր ունենք, և կարելի է օրենսդրությունը զարգացնել, օրինակ՝ ԲԴԽ-ի համար օրենքով լիազորություն սահմանել, որ առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորին վերադաս ատյանում նշանակելու դեպքում նույն հրամանով հետաձգվի նախագահին առաջարկություն ներկայացնելու ժամկետը մինչև 6 ամիս՝ պահպանելով դատավորին նույն դատարանում: Եթե վեցամսյա ժամկետ սահմանվի, և այդ 6 ամսվա ընթացքում դատավորի մակագրման համակարգը փակվի, այսինքն՝ նրան նոր գործեր չմակագրվեն, ապա դատավորը կկարողանա էականորեն բեռնաթափել իր վարույթում առկա գործերը»,-լուծում է առաջարկում Արսեն Սարդարյանը: Բարձրագույն դատական խորհրդի որոշումների պրակտիկայում մեկ այլ տենդենց ևս նկատվում է. դատավորները որևէ դատարանում նշանակվելուց ամիսներ անց արդեն տեղափոխվում են այլ դատարան, որը ողջամտորեն հանգեցնում է նրանց վարույթում առկա առնվազն առանձնակի բարդության գործերի ձգձգման: Օրինակ՝ դատավոր Գագիկ Հարությունյանը Երևանի դատարանի դատավոր է նշանակվել 2023 թվականի հուլիսի 14-ին և ընդամենը 3 ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին տեղափոխվել է Կոտայքի մարզ։ Դատավոր Մակար Կիրակոսյանը 2023 թվականի հունվարի 30-ին նշանակվել է Շիրակի մարզի դատարանի դատավոր, երկու շաբաթ անց՝ փետրվարի 13-ին նշանակվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր։ Դատավորներ Ռոման Սմբատյանը, Արամայիս Ասատրյանը և Էդուարդ Մկրտչյանը 2022 թվականի ապրիլի 28-ին նշանակվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և 2023-ի հունվարին տեղափոխվել Երևանի դատարան։ ԲԴԽ-ի 2021 թվականի որոշման համաձայն՝ առանձնակի բարդության գործերի քննության առավելագույն ուղենշային ժամկետը 2 տարի է, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ անգամ մասնագիտացված և գործերն արագ քննելու նպատակով ստեղծված Հակակուռուպցիոն դատարանում առանձնակի բարդության գործերի քննությունը 2 տարում չի ավարտվում, տևում է ավելի երկար: Այսինքն՝ հավանականությունը, որ որևէ դատարանում ամսիներ կամ նույնիսկ մեկ տարի պաշտոնավարած դատավորը կարող է ավարտել իր վարույթում առկա առանձնակի բարդության գործի քննությունը՝ քիչ հավանական է: Այս դեպքում որքանո՞վ է ողջամիտ մի քանի ամիս որևէ դատարանում պաշտոնավարած դատավորին տեղափոխել այլ դատարան: Արդյոք պետք է օրենսդրորեն ամրագրել, որ դատավորը որևէ դատարանում նշանակվելուց հետո չի կարող որոշակի ժամկետով տեղափոխվել այլ դատարան: Արսեն Սարդարյանը կարծում է, որ այսպիսի օրենսդրական սահմանափակումը խնդիրներ կարող է առաջացնել, և այստեղ որոշում կայացնող ԲԴԽ-ն է, որ պետք է բարեխիղճ գործի: «Նշանակումներ կատարելիս պետք է հաշվի առնել, որ եթե այս դատավորը կոնկրետ դատարանում նոր է նշանակվել, և, այսպես ասած, դեռ արդյունք չի տվել, ապա նրան չպետք է տեղափոխել այլ դատարան, ողջամտորեն մեկուկես, երկու տարի դատավորը պետք է աշխատի նույն տեղում: Պետք է բացառիկ լինեն այն դեպքերը, երբ դատավորը նշանակվելուց մեկ -երկու ամիս անց տեղափոխվում է այլ դատարան, իսկ տեղափոխվելու դեպքում պետք է ծանրակշիռ հիմնավորումներ լինեն դրա համար»,- նշում է Սարդարյանը:
Դատավորների լիազորությունների դադարեցման պատճառով վերամակագրումներ
Դատական պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, երբ դատավորների վարույթում առկա գործերը վերամակագրվում են այլ դատավորների, քանի որ դադարեցվում են նրանց լիազորությունները: Ուսումնասիրել ենք, թե 2018 թվականից ի վեր կարգապահական վարույթների հետևանքով լիազորությունները դադարեցված դատավորների վարույթներում քանի գործ է առկա եղել նրանց լիազորությունները դադարեցնելու պահի դրությամբ, որոնք վերամակագրվել են այլ դատավորների: 2018 թվականից ի վեր դադարեցվել են Երևանի քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի, Աննա Փիլոսյանի, Զարուհի Նախշքարյանի, Արթուր Ստեփանյանի, Սիմա Իսկանդարյանի Ռուբեն Վարդազարյանի, Արայիկ Մելքումյանի լիազորությունները: Նույն ժամանակահատվածում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի երկու դատավորի լիազորություն է դադարեցվել՝ Գագիկ Խանդանյան և Աստղիկ Խառատյան: Վճռաբեկ քաղաքացիական պալատից դադարեցվել են դատավորներ Սուրեն Անտոնյանի, Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի լիազորությունները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։