Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունից առանց որևէ հիմքի հանձնվել են տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի շրջանից։ Այս մասին ուղիղ եթերում, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ կանոնակարգի մասին, ասել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Աշխատանքային կանոնակարգ կոչվածի ընթացքը վկայում է, որ Տավուշում տեղի ունեցածը հակապետական, հակասահմանադրական ու հակազգային հանցագործություն է։ Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ»,- ասել է նա։
Ըստ Սրբազանի՝ բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում։
«Աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է Ազգային ժողովով ու այդպիսով այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա։ Նախ Սահմանադրական դատարանի դատավորներ, հետո Ազգային ժողովի խմբակցություն, այնուհետև անուղղակի ձևով բոլոր այն հայ մարդկանց վրա, որոնք քվեարկել են այս կուսակցության օգտին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին հորդորում եմ աչքները բացել, տեսնել իրականությունը, ինքնաքննությամբ զբաղվել, չեմ խորշում ասելու, նայել իրենց ընտանիքի անդամների, իրենց զավակների, ամուսինների, կանանց աչքերին և արձանագրել, թե արդյո՞ք իրենք ճիշտ են վարվում այս կանոնակարգի վավերացմամբ։ Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից։ Մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվեք»,- ասել է նա։