Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ: Պատկերասրահում նրանք մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը:
Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին:
Օրվա առթիվ Անահիտ Մանասյանը «Ճախրուկ» էթնո երաժշտախմբին հանձնել է շնորհակալագիր՝ երգով և երաժշտությամբ՝ համերաշխության, բարության տարածման, առանձնահատկություններով անձանց իրավունքների խթանման համար:
Երեկոյի ավարտին միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը տեսնելու նպատակով:
«Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատություն, մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։