Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովն կրկնել է վերջին օրերին Բաքվից հաճախ հնչող այն միտքը, որ Ադրբեջանը հաշտության պայմանագիր է կնքում ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստան պետության հետ։
Նա նշել է, որ ներկայումս միջազգային ատյաններում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերում օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը։
«Այս դեպքում ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի սահմանադրությունն է, որ խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սահմանադրության մեջ և Հայաստանի անկախության ակտում կա «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքն է» նշումը։ Քանի դեռ Սահմանադրությունից և այլ փաստաթղթերից այս կետը բացառված չէ, խաղաղ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակը։