ԱԺ-ն հենց հիմա քննարկում է սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը և ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ նիստը։ Այս մասին իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ստացվում է՝ երբ նրանք իշխանության էին, բոլորին հայտնի է, որ թալանել են, հիմա ընդդիմություն են, կարծում եմ՝ հիմա էլ են թալանում։ Նրանք ստանում են աշխատավարձ՝ մոտ 1 մլն կհասնի, և չեն գնում աշխատանքի, չեն աշխատում, թալանում են ՀՀ ժողովրդին։ Նրանք ընտրվել են, որպեսզի պայքարեն և թույլ չտան, որ վատ բաներ տեղի ունենան մեր երկրում։ Տեսնում ենք, որ այդ մարդիկ չեն աշխատում, բայց և չեն հրաժարվում Ալեն Սիմոնյանի հետ ճանփորդել, գնալ Վրաստան դիտորդական առաքելության, իսկ եթե մանդատները վայր դնեն, Նիկոլ Փաշինյանը կգնա նոր ընտրությունների»,- նշել է Մարուքյանը։
Ըստ նրա՝ սա այն է, ինչ պետք է իմանալ այսօրվա ընդդիմության մասին։
«Պետք է մերժել այս ընդդիմությանը, որովհետև ամբողջ իշխանությունը կառուցված է այն բանի վրա, որ իբր Ռոբերտ Քոչարյանը կգա հետ։ Ժողովուրդ ջան, վտանգ չկա, Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ ձեզ համոզի, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հետ կգան, չպետք է վախենաք ու գնաք ընտրեք Նիկոլ Փաշինյանին»,- նշել է նա։