Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները:
Ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու: Հարցը հոկտեմբերի 22-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալներն ու մասնագիտական գործունեությունը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու Հովհաննես Ավագյանը վստահեցրել է, որ որպես գործող դատավոր՝ գիտակցում է Վճռաբեկ դատարանի՝ բարձրագույն դատական ատյանի դերն ու նշանակությունը մեր երկրի իրավական անվտանգության ապահովման ու դատական իշխանության հեղինակության ամրապնդման բարդ գործում: Նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող յուրաքանչյուր պետության ներսում բարձրագույն դատական ատյանի պատասխանատու դերը դրա անդամներից պահանջում է ոչ միայն արհեստավարժ իրավաբանի խորաթափանցություն, այլեւ տվյալ դատական իշխանության ներսում ունեցած փորձառություն եւ խնդիրների հստակ պատկերացում: «Պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել՝ ապահովելու արդարադատության ավելի բարձր չափանիշներ»,- նշել է թեկնածուն:
«Հավատարիմ մնալով դատավորի երդմանը, ղեկավարվելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ ներքին համոզմամբ՝ որպես դատավոր պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ձեր վստահությանն արժանանալու դեպքում շարունակել իմ աշխատանքը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պատասխանատու պաշտոնում, պահպանել եւ նպաստել դատական համակարգի ինստիտուցիոնալ անկախության ամրապնդմանը՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»,- վստահեցրել է հաջորդ թեկնածու Նելլի Բաղդասարյանը:
Հայկ Գրիգորյանն էլ նախ վերլուծել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացմամբ պայմանավորված նոր հնարավորությունները եւ հեռանկարում դրանց հնարավոր փոխկապակցվածությունը եւ ազդեցությունը Վճռաբեկ դատարանի գործառույթների հետ, ապա ներկայացրել այն շարժառիթներն ու մտահոգությունները, որոնցով ղեկավարվել է թեկնածուի կարգավիճակում հանդես գալու համար: Նա ներկայացրել է ԲԴԽ-ի կողմից դատաիրավական բարեփոխումների շրջանակում կատարված աշխատանքը: