Ամիսներ առաջ Բերքաբերի մեր հայրենակիցներին խոստում էր տրվել, որ սահմանագծումը կշարունակվի Բերքաբերում և բերքաբերցին 900 հա տարածքի վրա կկարողանա իր գյուղտնտեսական աշխատանքները իրականացնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը չեն ստացել պատասխան, թե հաջորդիվ որտեղ է լինելու սահմանազատումը։
«Թե Կիրանցից հետո որ գյուղում կամ բնակավայրում պետք է տեղի ունենա սահմանազատումը, չստացանք այդ հարցի պատասխանը»,- ասել է Դանիելյանը։
Նա դիմել է բերքաբերցիներին՝ ասելով, որ 900 հա տարածքի վերադարձը չի լինելու․ «Պետք է ասենք՝ դա տեղի չի ունենալու, դա վերաբերում է նաև Վազաշենի, Բերքահովիտի և մյուս բնակավայրերին, 31-ն են»։