Հետևեք մեզ։

Սոցիալ-կենցաղային խնդիրների տակ կքացող արցախցիները ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը․ Գեղամ Ստեփանյան

17:22, 22 հոկտեմբեր 2024
Սոցիալ-կենցաղային խնդիրների տակ կքացող արցախցիները ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը․ Գեղամ Ստեփանյան

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցումների՝ վերջերս հրապարակված արդյունքներում մի հետաքրքիր ցուցանիշ կա, որը վերաբերում է բռնի տեղահանված արցախցիների խնդիրների կառավարման հարցում ՀՀ կառավարության գործողություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

 

«Հարցմանը մասնակցածների 66%-ը գոհ է բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի կառավարումից ու սա այն պարագայում, երբ բնակարանային երկարաժամկետ ծրագիրը, ըստ էության, ձախողված է, իսկ «40+10 հազար» բնակարանային ապահովության ծրագիրը, ըստ տարածվող լուրերի, հունվարից գործելու է միայն հատուկ և խոցելի խմբերի համար։ Նույն խայտառակ իրավիճակն ունենք նաև աշխատանքի տեղավորման համար մեկնարկած ծրագրերի մասով։ 


Կարծում եմ՝ հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շրջանում գոհունակության այս ցուցանիշի պատճառներից մեկն այն է, որ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են։ 


Այս պնդումը նաև ապացուցվում է այն հանգամանքով, որ գոհունակության տոկոսը ավելի բարձր է հատկապես ՀՀ գյուղական բնակավայրերի բնակիչների (73%) շրջանում, որոնց համար տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է։


Այնինչ իրականությունն այն է, որ սոցիալ-կենցաղային խնդիրների տակ կքացող մարդիկ ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը։


Հ․Գ Հարցումը չի իրականացվել արցախցիների շրջանում, այլ ընդհանուր ՀՀ բնակիչների շրջանում, որոնց մեջ հնարավոր է նաև արցախցիներ են եղել։


Հ․Հ․Գ․ Վստահ եմ, որ տրամագծորեն այլ պատկեր կունենանք, եթե հարցումը իրականացվեր արցախցիների շրջանում»,- գրել է նա։
 

Վերլուծական