Ա.Ա.-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր տնօրեն, 2010- 2017թթ․ նշված շենքի 3 բնակարան և 2 ավտոկայանատեղի ձեռք բերելու դիմաց տուժող քաղաքացուց ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Սակայն հետագայում նշված գումարները նա մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ ու հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով ընդհանուր 277.712.000 ՀՀ դրամ և 24.800 ԱՄՆ դոլարի գույքային վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Բացի այդ, Ա.Ա.-ն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, իր իրական մտադրության մասին լռելով և տուժողին մոլորության մեջ գցելով, 2010թ. հոկտեմբերին քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի խառը պայմանագիր, պարտավորվել է Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 3 սենյականոց բնակարանը մասնակի հարդարմամբ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը հանձնել նրան, որի դիմաց 2010-2011թթ. վերջինիցս որպես կանխավճար ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար։
Սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ քաղաքացուն դիտավորությամբ մոլորության մեջ գցելով, թե նշված բնակարանի նկատմամբ գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը, բայց նշվածի կապակցությամբ դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, 2015թ. սեպտեմբերին հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։
Այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել է 12.500.000 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար գումար։
Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել, նրան պատկանող մի շարք անշարժ գույքեր արգելադրվել են:
Գործն արդեն դատարանում է։