Հետևեք մեզ։

Մայքլ Քարփենթերը Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը

19:56, 22 հոկտեմբեր 2024
Մայքլ Քարփենթերը Փաշինյանին է փոխանցել  Ջո Բայդենի նամակը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

 

Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր:

 

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:

 

Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության երկկողմ օրակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: