Եվրախորհրդարանում կայացել է քննարկում՝ «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» թեմայով: Բանաձևի քվեարկությունը կկայանա հինգշաբթի օրը։
Աշխատանքի և սոցիալական հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիկոլաս Շմիտը նշել է, որ Ադրբեջանում օրեցօր վտանգվում են մարդու իրավունքները, և ավելի է ճնշվում ազատ խոսքը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանը և Բաքուն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղության հաստատմանը, և Եվրամիությունն ամբողջովին աջակցում է երկու երկրի միջև ընթացող խաղաղության գործընթացին:
Ֆրանսիացի պատգամավորի՝ Ժորդան Բարդելայի խոսքով՝ Եվրամիությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակցությամբ, գազ է գնում Ադրբեջանից:
Նատալի Լուազոն ԼՂ դեմ հարձակումն անվանել է էթնիկ զտում և կոչ արել բոյկոտել Բաքվում կայանալիք ԿՈՊ-29 համաժողովը:
Պատգամավորները պնդել են, որպեսզի ԵՄ-ն Ադրբեջանից պահանջի հարգել մարդու իրավունքները, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը և ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի իրավունքները:
Նրանք նաև տեղեկացրել են, որ հինգշաբթի քվեարկության դրվելիք բանաձևում ամբողջությամբ սատարում են ԵՄ հետ Հայաստանի մերձեցման նախաձեռնությանը և դատապարտում Իլհամ Ալիևի քաղաքականությունը տարածաշրջանում: