Նախորդ շաբաթվա սկզբին Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ գյուղի բնակիչ Գարիկ Մանգասարյանը հայտնել էր, որ իր 14 կովերը հոկտեմբերի 10-ից կորել են։ Ձորակից, որտեղ 30 տարուց ավելի Գարիկ Մանգասարյանն արածացնում է անասուններին, հոկտեմբերի 10-ի կեսօրից հետո կովերն անհետացել էին։ Դեռ այս ժամանակ Գարիկ Մանգասարյանը կասկածներ էր հայտնել, որ կովերին չէին կարող գողանալ, կովերը չէին կարող գյուղ գնալ ու կորչել, հետևաբար՝ անասուններն անցել են թշնամու հսկողության տակ հայտնված տարածք։
Մի քանի օր որոնումներից հետո հայ սահմանապահները հայտնել են, որ կովերն իսկապես անցել են թշնամու հսկողության տակ հայտնված տարածք։
Ինչպես տեղեկացնում է 168.am-ը, այսօր առավոտյան Գարիկ Մանգասարյանը փոխանցել է, որ իր կասկածները տեղին էին.
«Հայ սահմանապահները կարողացան բանակցել, կովերին հետ բերել, բայց 14 կովից 12-ն են բերել, 2-ն ադրբեջանական կողմը չի տվել, ասել է՝ մեր մոտ չեն։ Բայց իրենց մոտ է հաստատ, կա՛մ վաճառել են, կա՛մ մորթել, միսն իրար մեջ բաժանել են»։