ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:
«Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- երեկ ասել է զեկուցող Մհեր Գրիգորյանը և տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը:
Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր:
Հանձնաժողովների միջեւ առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման եւ մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաեւ քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարեւոր սկզբունքային եւ ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջեւ սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով:
ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: