Հետևեք մեզ։

Բայդենը ցանկանում է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքահայրը․ միջազգայնագետ

11:04, 23 հոկտեմբեր 2024
Բայդենը ցանկանում է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքահայրը․ միջազգայնագետ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Փաշինյանին ու Ալիևին ուղղված նամակների մասին
 
«Ամերիկյան դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է բանագնացների հետ միասին նաև նամակներ ուղարկել ընդունող երկրների ղեկավարներին: Հիշենք 2023թ. նույն Սամանթա Փաուերի այցը Հայաստան և նրա կողմից վարչապետին փոխանցված Ջո Բայդենի նամակը: Այս առումով այստեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում:
 
Բովանդակային առումով ևս, Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակներում արտասովոր բան չկա: Ամերիկյան պաշտոնական դիրքորոշումների արտացոլումն է, ընդունված ձևակերպումներով և քաջալերման խոսքերով՝ շարժվել դեպի առաջ:
 
Այստեղ ամենից կարևորը ժամանակագրությունն է (timing): Բայդենի վարչակազմին մնացել է 3 ամիս՝ իշխանությունն ամբողջությամբ Թրամփին կամ Հարիսին փոխանցելու համար:
 
Բնականաբար Բայդենը ցանկանում է, որ 4 տարվա այն ներդրումը, որ իր վարչակազմն ունեցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հասնի իր տրամաբանական ավարտին և Բայդենը արդարացիորեն դառնա խաղաղության համաձայնագրի կնքահայրը:
 
Հեռացող նախագահ Բայդենը, ով արտաքին քաղաքականության ավելի մեծ փորձառություն ունի քան վերջին 30 տարիների ԱՄՆ որևէ նախագահ՝ պաշտոնը ստանձնելիս հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու, հետևաբար իր բոլոր ձեռքբերումները, եթե նույնիսկ ջուրը չգնան, ապա էապես դանդաղելու են կյանքի կոչման տեսանկյունից: Մյուս կողմից, նա ցանկանում է իր ժառանգության մեջ ունենալ հաջողության պատմություն խաղաղության կերտման տեսանկյունից, ինչպիսիքը դեռևս չկան:
 
Բնական է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը և Հարավային Կովկասի կոնֆլիկտի լուծումը (ինչպես ձևակերպված է Բայդենի ազգային անվտանգության ռազմավարության մեջ) ամերիկյան արտաքին շահերի համատեքստում ևս կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է, ինչն իր հերթին ստիպում է Բայդենի վարչակազմին մինչև վերջին րոպեն (հունվարի 20-ը ժամը 12:00) պայքարել այդ շահերի ապահովման համար»: