Հետևեք մեզ։

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի պաշտոնյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

11:32, 23 հոկտեմբեր 2024
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի պաշտոնյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 

Հյուրերին դիմավորել և Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի, Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

 

Տիկին Նիշա Բիսվալը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: