«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում տեղի են ունենում առողջ քննարկումներ արդարադատության նախարարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հետ և դա բնական գործընթաց է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի ընտրության հարցում ՔՊ վարչությունում կոնսենսուս չկա՞, արդյոք կադրային լուրջ խնդիր կա իշխող ուժի ներսում։
«Նորմալ քննարկումներ են և կարծում եմ, որ դա բնական է։ Իշխող ուժը մշտապես տարբեր քննարկումների միջոցով փորձում է գտնել լուծումները։ Ես դա շատ բնական գործընթաց եմ համարում»,-ասաց Կոնջորյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ շուրջ մեկ ամիս է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է և այդ քննարկումները ինչքա՞ն կարող են շարունակվել, Կոնջորյանը պատասխանեց, որ չի կարող ասել, ՔՊ վարչությունը իր լիազորությունների շրջանակներում քննարկումներ է ծավալում։
«Ես վարչության անդամ չեմ և վարչության նիստերին մասնակցում եմ որպես իշխող խմբակցության ղեկավար։ Բայց կարող եմ ասել, որ ինքս, մասնակցելով այդ նիստերին, շատ բարձր եմ գնահատում այս գործընթացը, որովհետև շատ առողջ քննարկումներ են, թեկնածուները գալիս են և ներկայացնում են իրենց ծրագրերը ոլորտին առնչվող, հնչում են հարցեր, հնչում են պատասխաններ և վերջում վարչության անդամները քվեարկում են։ Մենք պետք է առաջնորդվենք լավագույն թեկնածուին գտնելու առաջնահերթությամբ, որովհետև մեր պետական շահը թելադրում է, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել»,-ասաց Կոնջորյանը։
Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում ևս արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել։