Հետևեք մեզ։

«Ներողություն չեք խնդրում, Աստված ձեզ հետ», «Ինձ հետ սպառնալիքներով չխոսեք»․ Արծվիկ Մինասյան և Ալեն Սիմոնյան բանավեճում ԱԺ նախագահին «օգնության եկան» ՔՊ-ական կանայք

14:19, 23 հոկտեմբեր 2024
«Ներողություն չեք խնդրում, Աստված ձեզ հետ», «Ինձ հետ սպառնալիքներով չխոսեք»․  Արծվիկ Մինասյան և Ալեն Սիմոնյան բանավեճում ԱԺ նախագահին «օգնության եկան» ՔՊ-ական կանայք

Ազգային ժողովում հերթական նիստի ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պահանջեց ներողություն խնդրել երեկ իր արած ռեպլիկների համար։ 

 

«Արտահայտություններ եք անում, որոնք հարիր չեն ԱԺ նախագահին, առաջարկում եմ ձեզ ներողություն խնդրել»,- ասաց Մինասյանը։

 

Մինասյանի խոսքի ընթացքում ԱԺ ամբիոնի մոտ կանգնած էր ԱՆ փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց նրան՝ հարցնելով, թե արդյոք պատասխան ունի Մինասյանի արձագանքին։

 

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ելույթ կունենա և կպատասխանի իրեն, սակայն մինչ այդ ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը հարկ համարեցին Ալեն Սիմոնյանի փոխարեն արձագանքել Արծվիկ Մինասյանի՝ ներողություն խնդրելու կոչին։

 

Իր հերթին Հասմիկ Հակոբյանն ասաց, թե ճիշտ կլինի, որպեսզի Մինասյանը հորդորի իր խմբակցության պատգամավորներին նիստերի դահլիճում չսադրել։

«Թող չսադրեն իրավիճակներ, ԱԺ-ում իրավիճակը մշտապես թեժացնում է Արմենուհի Կյուրեղյանը, լավագույն ապացույցը հունիսի 12-ին նրա սադրումն էր՝ քաշքշոցը»,- ասաց Հակոբյանի, ինչից հետո Ալեն Սիմոնյանը կրկին արձագանքման իրավունք տվեց հարցի հետ առնչություն չունեցող ԱՆ փոխնախարարին։

 

Ավելի ուշ ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը և նախքան օրենքի նախագծի քննարկմանն անցնելը հարկ համարեց արձագանքել Արծվիկ Մինասյանին։

 

«ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է օրինակ ծառայել մեր հանրության համար և ճիշտ չէ ամեն անգամ սադրելուց և հունից հանելուց հետո թիրախավորել ԱԺ նախագահին»։

 

ՔՊ-ական կանանց ելույթներից հետո ամբիոնին մոտեցավ Արծվիկ Մինասյանը, նշեց՝ նախ պետք է դատապարտեին ԱԺ նախագահի կողմից հնչեցված ռեպլիկը։

 

«Երբ խոսափողը մարդու ձեռքում է, և նա կարող է դրանով հայտարարություններ անել, դրանից առաջ նա պետք է մտածի, որ ի տարբերություն այն պատգամավորների, որոնց խոսափողներն անջատված են, չի կարող իրեն փողոցային բառապաշար»,- ասաց Մինասյանը։

 

Մինասյանին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը արձագանքեց․ «Ներողություն խնդրելու մեջ վատ բան չիա, բայց դրա համար մարդը պետք է իրեն մեղավոր ճանաչի։  Ուզում եմ ձեզ հարց տալ, երբ լսումների ժամանակ Սեյրան Օհանյանը լսում էր, որ ամբիոնի մոտից որոշ բանախոսներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, այդ հորդորն իրեն արել եք, թե ոչ։ Սեյրան Օհանյանը կիսու՞մ է ձեր կարծիքը։ Ձեր գործընկեր տիկին Կյուրեղյանը հայտնի է ամենափողոցային տարբերակով մտքեր արտահայտելով, իրեն թույլ է տվել նման բան, ես էլ արձագանքել եմ և արձագանքելու եմ»։

 

Մինասյանը նշեց՝ Սիմոնյանը սահմանադրական պարտականություն ունի՝ ցանկացած նման իրավիճակում խորհրդակցություն հրավիրել և քննարկել իրավիճակը, իսկ ինքը դա երբեք չի արել․ «Եկել եք, ամբիոնից հոխորտում եք նոր վիրավորանքներ հնչեցնելու սպառնալիքներով։ Իհարկե, անընդունելի է մարդու արժանապատվության վիրավորանքը, բայց այդ պահվածքը, որ դուք եք ցուցաբերում այստեղից, դրա պատասխանը դուք ո՞նց եք տեսնում։ Ակնկալում էի, որ ներողություն կխնդրեք, դուք դա չարեցիք, չեք անում, Աստված ձեր հետ»։

 

Սիմոնյանը կրկին ամբիոնին մոտեցավ և նշեց․ «Իմ հետ սպառնալիքներով մի խոսեք, եթե ուզում եք նորմալ զրուցել, օրինակ ծառայեք»։