Հետևեք մեզ։

Ֆրանսերենին ու Ֆրանսիային առնչվող թեմաներին անդրադարձն ինձ համար երբեք զուտ աշխատանք  չի եղել եւ չէ, այլ կենսակերպ․ Հասմիկ Առաքելյանը՝ թարգմանական գործունեության մասին․ Aravot.am

13:52, 23 հոկտեմբեր 2024
Ֆրանսերենին ու Ֆրանսիային առնչվող թեմաներին անդրադարձն ինձ համար երբեք զուտ աշխատանք  չի եղել եւ չէ, այլ կենսակերպ․ Հասմիկ Առաքելյանը՝ թարգմանական գործունեության մասին․ Aravot.am

Aravot.am ներկայացրել է հարցազրույց լրագրող, թարգմանիչ Հասմիկ Առաքելյանի հետ

 

–Վերջերս Francofest-ի շրջանակում կայացավ Անյես Մարտեն-Լյուգանի «Թելից կախված երջանկություն» վեպի շնորհանդեսը, որը դու ես թարգմանել: Սա քո երկրորդ աշխատանքն էր: Առաջինը նույն հեղինակի «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» բեսթսելլերն էր: Հե՞շտ էր աշխատել երկրորդ վեպի թարգմանության վրա, ինչո՞վ էր այն առանձնահատուկ:

– Հեշտ կամ դժվար հասկացություն ինձ համար գոյություն չունի: Կա խանդավառությամբ կամ ստիպողաբար արված աշխատանք: Թարգմանական գործունեությունն ինձ համար իսկական մարտահրավեր է, որը ես խանդավառությամբ եմ փորձել հաղթահարել` ֆրանկոֆոն լրագրողի գրիչս ժամանակավորապես փոխարինելով թարգմանչի գլխարկի հետ: Ֆրանսիան այն գերտերությունն է, որն աշխարհին տվել է «Երգ Ռոլանդի մասին» միջնադարյան էպոսը, ծնել է Մոլիեր ու Հյուգո, Մարսել Պանյոլ ու Սենտ-Էքզյուպերի, բայց պարզվում է, որ այսօրվա ֆրանսիացին ժամանակակից գրականության մեջ փնտրում է նաեւ կինոլեզվով գրված պարզ, բայց խորաթափանց վեպեր, ինչպիսին մասնագիտությամբ հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանի ձեռագիրն է: Նա կարողում է ստեղծել մարդկային այնպիսի պատմություններ, որոնց հերոսների հետ այսօրվա ընթերցողը կարողանում է ինքն իրեն նույնացնել կամ գտնել իր իսկ մտքերի արտացոլանքը, գտնել իր հանցակցին, զինակցին: Հենց այդպիսի վեպ է «Թելից կախված երջանկություն»-ը, որի գլխավոր  հերոսուհու տարերքը նորաձեւությունն է: Նա 31 տարեկանում փորձում է նոր կյանք սկսել` գնալով իր երազանքի հետեւից:

 

– Ի՞նչ կասես Մարտեն-Լյուգանի լեզվամտածողության, կանանց հոգեվիճակը ներկայացնելու եւ ընթերցողին գրավելու հմտության մասին:

 

– Անյեսն իր վեպերում պատմում է հիմնականում անձնական ճգնաժամեր ապրող կանանց մասին, բայց առանց բարդ մասնագիտական տերմինների: «Թելից կախված երջանկություն» գրքի հասցեատերը նախեւառաջ երիտասարդ կանայք ու աղջիկներն են, որոնց հեղինակն անուղղակիորեն ցույց է տալիս, որ չպետք է կարծրատիպերի զոհը դառնալ, այլ հակառակը,  հարկավոր է զբաղվել այն մասնագիտությամբ, որը թեւեր է տալիս, ոգեշնչում, քանի որ լավ կատարված աշխատանքն այն է, որը սիրով ես անում: Դա՛ է հաջողության հիմքը: Գաղտնիք չէ, որ այսօր Ֆրանսիան աշխարհում պայքարում է կանանց նկատմամբ խտրականության դեմ եւ քայլեր ձեռնարկում կանանց իրավունքների պաշտպանության համար: Հայաստանում էլ, ցավոք, այս խնդիրն ամբողջովին վերացած չէ: Իսկ Լյուգանի վեպն իր փոքրիկ ուղերձներով այս պայքարի գրական դրսեւորումներից է:

 

– Եղե՞լ են հատվածներ, որ դժվարությամբ ես թարգմանել, խոսքը ոչ թե լեզվի իմացության, այլ Մարտեն-Լյուգանի ասելիքը հայ ընթերցողին հասցնելու մասին է:

 

– Բառացի թարգմանությունը մի լեզվամտածելակերպից մեկ այլ լեզվամտածելակերպ համարժեք է հանցագործության: Կա այսպիսի մի ասույթ, թե հաճախ գրողի բառերից պետք է հեռանաս, որ կարողանաս առավելագույնս հավատարիմ մնալ գրողի մտքերին: Ես այս սկզբունքով եմ առաջնորդվել: Գիտեք` Փարիզի 5-րդ շրջանում` Սորբոնի համալսարանի հարակից փողոցներից մեկը կոչվում է Rue des Ecoles (Դպրոցների փողոց), որտեղ բազմաթիվ գրախանութներ կան կողք կողքի: Ֆրանսիայում տարեկան ավելի քան 70  հազար գիրք է լույս տեսնում, բայց դրանցից քչերն են դրվում այդ գրախանութների կենտրոնական պահարանների վրա:  Անյեսի այս վեպը հենց այդ բախտին է արժանացել, իսկ իմ արած աշխատանքի գնահատականը կթողնեմ հայալեզու ընթերցողի դատին, որից  ընթերցելու համար կպահանջվի ընդամենը 4-5 ժամ:


– Լրագրողական աշխատանքիդ ընթացքում միշտ լուսաբանել ես հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ այն ամենը, ինչը կապված է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ընդհանրապես ֆրանկոֆոն աշխարհի հետ: Որքանով ես այդ արժեքները կարեւոր համարում:

 

– Ֆրանսերենին ու Ֆրանսիային առնչվող թեմաներին անդրադարձն ինձ համար երբեք զուտ աշխատանք  չի եղել եւ չէ, այլ կենսակերպ: Ֆրանսերենն ինքնին քաղաքացիական գիտակցություն ձեւավորող մի մեծ արժեհամակարգ է, եւ դրանով առաջնորդվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը` իր հարկի տակ միավորելով այս պահի դրությամբ 88 երկրի: Ես մինչեւ հիմա հիշում եմ Երեւանում տեղի ունեցած  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որտեղ տասնյակ հարցազրույցներ ունեցա ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամների հետ` այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մոնակոյի իշխան Ալբերտ երկրորդի, Էստոնիայի, Սենեգալի, Մադագասկարի նախագահների հետ: Այստեղ հետաքրքրականն այն է, որ բոլորն իրարից անկախ խոսում էին ֆրանսերենի` մարդկանց միավորող ուժի մասին եւ այդ համատեքստում ցիտում Շառլ Ազնավուրին եւ նրա գրած երգերը: Ի դեպ, ես անչափ ուրախ եմ, որ 2022 թվականից Հայաստանում իր դռներն է բացել աշխարհում Ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ֆրանսիական ինստիտուտ»-ը, քանի որ սա բացառիկ հնարավորություն կտա մեր երկրում ոչ միայն ընդլայնել ֆրանսերեն սովորողների քանակը, այլեւ լեզվի իմացության բարձր որակ ապահովել: Ես հավատացած եմ, որ այս հետպատերազմական ծանր շրջանում, երբ դեռ ոչինչ հաստատուն չէ մեր երկրում` ֆրանսիական նավերը կրկին կարող են հասնել հայոց լեռները, բայց այս անգամ նաեւ մտավոր ուժի, կրթության մակարդակի բարձրացման տեսքով` ֆրանսիական մշակույթն ու լեզուն էլ ավելի մեծ շրջանակների հասանելի ու ընկալելի դարձնելու շնորհիվ: Ինձ համար բարձրորակ կրթությունը ազգային անվտանգության հարց է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները