Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Հայաստանի Հանրապետության եւ Թունիսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2002 թվականին: 2023 թվականի դեկտեմբերին առաջին անգամ տեղի են ունեցել հայ-թունիսյան քաղաքական խորհրդակցություններ, որի ընթացքում ստորագրվել է վերոնշյալ միջազգային պայմանագիրը: Համաձայնագրի կարգավորումների համաձայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք մինչեւ 90 օր իրավունք են ստանում առանց վիզայի պահանջի փոխադարձաբար գտնվել Հայաստանում եւ Թունիսում: Ավելի երկար ժամկետով տվյալ երկրում գտնվելու համար անհրաժեշտ կլինի ստանալ մուտքի վիզա՝ ընդունող կողմի պետության ներպետական օրենսդրությանը համապատասխան:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ: Նրա խոսքով համաձայնագրի ընդունումը կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությանը եւ կհեշտացնի պաշտոնական փոխայցերը: