Հետևեք մեզ։

Մեր բոլոր աշխատանքային քննարկումներում և հանդիպումներում գերեվարված անձանց հարցերը բարձրացնում ենք. Փաշինյան

19:34, 23 հոկտեմբեր 2024
Մեր բոլոր աշխատանքային քննարկումներում և հանդիպումներում գերեվարված անձանց հարցերը բարձրացնում ենք. Փաշինյան

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ գերիների վերադարձի մասին հարցին, ասաց.

 

«Դուք իրավացիորեն նշեցիք, որ COP29-ը Բաքվում անցկացվում է, այդ թվում և՝ Հայաստանի դիրքորոշման շնորհիվ: Միանգամից անցում կատարեցիք նրան, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն ջանքեր գործադրել, որպեսզի գերեվարված քաղաքացիները վերադառնան: Բաց թողեցիք, իմ կարծիքով, մի շատ էական հանգամանք, որ դուք ասում եք՝ այ տեսեք՝ Հայաստանը համաձայնել է, որ COP29-ը Բաքվում տեղի ունենա: Հայաստանը համաձայնել է, որպեսզի Հայաստան վերադառնան 32 գերեվարված ՀՀ քաղաքացիներ, դուք չգիտեմ՝ ինչու, այդ մասը բաց թողեցիք: 

 

COP29-ը լավ առիթ է, որպեսզի մենք ուշադրություն կենտրոնացնենք նաև մեր տարածաշրջանում առկա և հրատապ բոլոր խնդիրներին՝ խաղաղության գործընթացին, տարածաշրջանի կայունության և զարգացման հարցերին:

 

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց խնդրի լուծմանը, ասել եմ և շարունակում եմ ասել, որ մենք մեր բոլոր աշխատանքային քննարկումներում և հանդիպումներում այդ հարցերը բարձրացնում ենք, և շնորհակալ ենք բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, ովքեր շարունակում են պահել իրենց օրակարգում այդ հարցը, և մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք աշխատել»։

 

Արձագանքելով պատգամավորի այն հարցին, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է COP29-ին ընդառաջ գերիների վերադարձի առնչությամբ հայտարարություն անել՝ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը.

 

«Հիմա մենք գործում ենք հետևյալ տրամաբանությամբ. մենք գնահատում ենք՝ այսօր ինչը արդյունավետ կլինի, և անում ենք այն, ինչ  ամենաարդյունավետն է մեր գնահատմամբ և մեր ունեցած տեղեկություններով: Որ պահին կգնահատենք, որ մեր կողմից պաշտոնական հայտարարությունն է պակասում հարցը լուծելու համար, րոպե առաջ այդ պաշտոնական հայտարարությունը կանենք»: