Հետևեք մեզ։

Պարզվել է, որ Ալեն Սիմոնյանի արարքը չի կատարվել խուլիգանական դրդմամբ․ դատախազը՝ ԱԺ նախագահի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքի մասին

17:03, 03 մայիս 2023
Պարզվել է, որ Ալեն Սիմոնյանի արարքը չի կատարվել խուլիգանական դրդմամբ․ դատախազը՝ ԱԺ նախագահի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքի մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքին՝ նշելով, որ այդ արարքում խուլիգանություն չկա։

 

«Դանիել Իոաննիսյանը ներկայացրել էր հաղորդում հանցագործության մասին, որում շեշտադրվել էր խուլիգանության հանցակազմի առկայությունը։ Ըստ ենթակայության՝ ուղարկվել էր քննչական մարմին՝ քննարկվելու, թե արդյոք արարքում կա՞ խուլիգանական դրդում, թե՞ ոչ։ Տվյալ իրավիճակում, էլի 2012 թվականի նախադեպը հիմք ընդունելով, պարզվել էր, որ գոյություն ունի միջանձնային հարաբերություն տվյալ իրավիճակում, և արարքը չի կատարվել խուլիգանական դրդմամբ»,-ասաց Աննա Վարդապետյանը։

 

Նա նշեց, թե լրագրողներն անընդհատ ձգտում են բոլոր հարցերը կարգավորել քրեաիրավական հարաբերությունների շրջանակում, բայց դա, ըստ նրա, հնարավոր չէ, որովհետև գոյություն ունեն կարգապահական պատասխանատվության միջոցներ, գոյություն ունի սուբյեկտիվ կողմ, որը տվյալ դեպքում հաշվի է առնվել։

 

«Մենք ունենք մասնավոր մեղադրանքի ինստիտուտ, տվյալ դեպքում մեզ համար անհրաժեշտ է, որ այն անձը, ով տուժել է նման վարքագծից, ինքը գա և ներկայացնի հաղորդում, այսինքն՝ տուժողի բողոք»,-ասաց դատախազը։