Հետևեք մեզ։

Կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն ՀՀ ժողովրդի համար. Փաշինյան

17:47, 03 մայիս 2023
Կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն ՀՀ ժողովրդի համար. Փաշինյան

Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների: Այսինքն, այն համակարգը, որը ի սկզբանե պիտի ապահովեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում,  բավարար արդյունավետությամբ չի գործում:

 

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գնահատական տալով տարածաշրջանում ռազմավարական իրադրությանը:

 

«Եթե հարց տանք՝ ի՞նչն է կամ ո՞վ է, որ կարող է ապահովել կամ երաշխավորել ՀՀ անվտանգությունը, պատասխանը միանշանակ է՝ համապարփակ խաղաղությունը: Իսկ արդյո՞ք իրատեսական է, հնարավոր է խաղաղությունը: Այո, հնարավոր է, բայց պետք է դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը:

 

Էստեղ կա երկու կոմպոնենտ. առաջինը՝ քաղաքական կամք, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրեր: Ակնհայտ է, որ մենք քաղաքական կամք ունենք, խնդիրն այն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ-ի կամ ՀՀ ժողովրդի համար:

 

Կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար: Մեր խնդիրն է՝ կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և էմոցիաները հնարավորինս բալանսավորել: Ինչքանով դա հնարավոր կլինի, չեմ կարող ասել»,- ասաց Փաշինայնը: