Ոստիկանական ձերբակալություններն առանց անհրաժեշտության ուղեկցվում են անձանց ցավ ու հոգեբանական տառապանք պատճառող գործողություններով, մասնավորապես՝ պառկեցնելով, ցավեցնելով ու ցուցադրաբար այդ ամենը հրապարակելով։ Այս մասին Սրբազան պայքարի աջակիցների իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ ասուլիսում հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավիճակը չի թելադրում անձին ձերբակալելիս ֆիզիկական ուժ կիրառել, ու երբ ոստիկաններն այդ ուժը կիրառում են, նշանակում է, որ կա ուժի ցուցադրության համակարգային մոտեցում։
«Հունիսի 12-ին կիրառվել են անթույլատրելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, որոնց կիրառումը տեղի է ունեցել ոստիկանապետի, ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով ու այն պարագայում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը չի եղել։ Նպատակը եղել է մարդկանց պատժելը, ահաբեկելն ու մարմնական վնասվածքներ պատճառելը»։
Փաստաբանն անդրադարձել է նաև Շարժման աջակիցների մեքենաների՝ ոստիկանության պահման վայրեր տեղափոխելու և տևական ժամանակ այնտեղ պահելու խնդրին․
«Ավտոմեքենաները ոստիկանության կողմից տարվել են պահպանման տարածք, ու երբ անձինք փորձել են վերադարձնել իրենց մեքենաները, պարզվել է, որ առկա են դարակից հանված բազմաթիվ գործեր ու այդ պատրվակով այդ մեքենաները պահվում են քրեական վարույթով, սակայն իրականում նպատակն անձանց պատժելն է»։