Ես ուզում էի հիշեցնել, որ այս օրենքի նախագծով քաղաքացիների համար հանվում է սննդամթերքի անվտանգության սպասարկման համար նախատեսված վճարը, բարելավող բնույթի օրենքի փոփոխություն էր, մեր գործընկերները Թունիսի հետ վիզաների ազատականացմանը կողմ են քվեարկում, բայց բարելավող դրույթ նախատեսով օրենքին կողմ չեն քվեարկում։ Այս մասին ԱԺ-ում ասաց իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով ընդդիմադիր պատգամավորների քվեարկության մասին։
Այդ պահին տեղից արձագանքով ընդդիմադիր պատգամավորներից մեկին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, որ իր իրավունքն է խոսք խնդրել և իր թույլ տալուց հետո խոսել։
«Խի չես-ով չի, դու-ով հետս չխոսաս, մնա պատգամավորի սահմանած չափերի մեջ, նորմալ պահի քեզ»,- ասաց Սիմոնյանը, ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասաց․ «Պահեք ձեզ որպես ԱԺ նախագահի կարգավիճակ ունեցող մարդու դերում, խնդրում եմ և պահանջում եմ՝ պատգամավորների հետ հարգալից։ Ամեն պատգամավոր իրավունք ունի քվեարկել իր խղճի մտո, թող պարոն Թունյանը չփորձի մանիպուլացնել, «Հայաստան» խմբակցությունը քվեարկում է ինչպես հանձնաժողովներում իր անդամները ունեցել են դիրքորոշում»։
Սիմոնյանը արձագանքեց Մանուկյանի խոսքին․ «Իսկ ինչի է ձեզ թվում, որ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ դու-ով խոսել, ձեր հետևում նստած պատգամավորին չեք տեսնո՞ւմ, ԱԺ նախագահի արձագանքը նկատում ե՞ք»։
Վարման կարգով խոսքը փոխանցվեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով հորդորեց Ալեն Սիմոնյանին դիտողությունից հետո շտկել իրավիճակը։
«Երբ դիտողություն եք անում, շարունակեք շտկել իրավիճակը»,- ասաց Արծվիկ Մինասյանը, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ուրախ եմ, որ արձանագրեցիք, որ ձեր գործընկերը սխալ արեց և ես կլսեմ ձեր հորդորը և կաշխատեմ չկրկնել ձեր գործընկերների սխալները»։
Ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց՝ կարծում է, որ սխալ է արել նաև Բաբկեն Թունյանը․ «Իմ գնահատմամբ՝ սխալ արեց նաև պարոն Թունյանը։ Տասնյակ օրենքներ, որոնք հակապետական են, միաձայն կողմ են քվեարկում ՔՊ-ականները։ Սրա բացատրությունը դուք ունեք, մեր քվեարկությունների պատասխանը մենք ունենք»։
Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ եզրափակեց ԱԺում բռնկված թեժ քննարկումը՝ ասելով․ «Խնդրում եմ ընդդիմության քվեարկությունների մեջ չփնտրել տրամաբանություն։ Օրինակ այսօր ընդդիմադիր գործընկերներից որոշները դեմ քվեարկեցին հայրերի օր սահմանելուն։ Ի՞նչ դեմ բան ունեք հայրերի դեմ։ Ձեր իրավունքն է, բայց ագրեսիվ մի տարեք ցանկացած քննադատություն»։