Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ 2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր, գրում է «Հետքը»։
«Մեղրաձոր գոլդ»-ում միակ բաժնետերը, հիշեցնենք, Վարդան Մարգարյանն էր։ Այժմ նա բաժնեմաս չունի, փոխարենը 34 % բաժնեմաս ունի նրա որդին՝ Նարեկ Մարգարյանը։
«Մեղրաձոր գոլդ»-ի բաժնեմասերի մնացած 33 %-ը ձեռք է բերել Արտեմ Համլետի Սահակյանը: Նա Նարեկ Նալբանդյանի գործընկերն է։
Նարեկ Նալբանդյանն ու Արտեմ Սահակյանը հոկտեմբերի 2-ին նոր ընկերություն են հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն, որտեղ հավասար բաժնեմաս ունեն։
Արտեմ Սահակյանը նաև շինարարությամբ զբաղվող «Լիբրեյթ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է, որը Նաիրի Զարյան 140 հասցեում այս պահին բազմաբնակարան շենք է կառուցում։
Արտեմ Սահակյանը ներկայացված է մի շարք այլ ընկերություններում՝ «Լեվել Շին» ՍՊԸ-ում հավասար մասնակցություն ունի ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանի (Դևիդ Հովիկի Սաֆարյան) հետ, բաժնետեր է նաև «Թ.Ֆ.ՇՈՓ» ՍՊԸ-ում, որտեղ փոխարինել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին։ Այդ ընկերությանն է պատկանում Պռոշյան փողոցում գտնվող «Տոռա պալաս» հյուրանոցային և ռեստորանային համալիրը։
Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը, հիշեցնենք, շահագործվում է 2012թ․-ից։ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն այս հանքավայրի համար ավարտվում էր 2023թ. սեպտեմբերի 10-ին:
Դեռեւս 2022 թվականի գարնանը «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծ է ներկայացրել՝ ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու նպատակով: 2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի նախագծին:
Չնայած դրան, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դատական կարգով երկարացրեց ընդերքօգտագործման իրավունքը մինչեւ 2040թ. մայիսի 1-ը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։