Հետևեք մեզ։

Համագործակցության երկրները ստրկության համար Բրիտանիայից փոխհատուցում են պահանջում

20:45, 24 հոկտեմբեր 2024
Համագործակցության երկրները ստրկության համար Բրիտանիայից փոխհատուցում են պահանջում

BBC-ին հայտնի է դարձել, որ Համագործակցության մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ պատրաստվում են մարտահրավեր նետել Միացյալ Թագավորությանը: Նրանք ծրագրում են բարձրացնել 16-19-րդ դարերի անդրատլանտյան ստրկավաճառության պատճառած վնասների հատուցման հարցը՝ չնայած Լոնդոնին դուր չի գալիս այդ գաղափարը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

 

Ուրբաթ Սամոայում մեկնարկելու է Համագործակցության 56 երկրի գագաթնաժողովը:

 

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ պաշտոնյաները բանակցում են համաձայնագրի շուրջ, որտեղ կնախատեսվեն հետագա ուսումնասիրություններ և այդ հարցի շուրջ «բովանդակալից զրույցի» սկիզբ: Արդյունքում Մեծ Բրիտանիան, հնարավոր է, ստիպված լինի միլիարդավոր ֆունտ փոխհատուցում վճարել այդ պետություններին։

 

BBC-ն նշում է, որ ստրկության համար փոխհատուցումները կարող են տարբեր ձևեր ունենալ, ներառյալ՝ ֆինանսական փոխհատուցումները, պարտքերի դուրսգրումը, պաշտոնական ներողությունը, կրթական ծրագրերը, թանգարանների ստեղծումը, տնտեսական աջակցությունը և օգնությունն առողջապահության ոլորտում:

 

Այս տարվա գագաթնաժողովից առաջ Համագործակցության առաջնորդները հաճախ են կոչ արել Լոնդոնին ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել ստրկավաճառության հարցում երկրի պատմական դերի համար, որը կարող է մի քանի տրիլիոն ֆունտ ստեռլինգ կազմել: